Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) և Եվրոպական միությունում (ԵՄ)։
«Ինչպես ասում են՝ Հայաստանի մոտ չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել»,- լրագրողներին ասել է փոխնախարարը՝ մերձավոր արտասահմանի երկրների հետ փոխգործակցության թեմայով ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստի արդյունքներով։
Գալուզինը նաև նշել է, որ վերջին շրջում Հայաստանի ղեկավարության ձեռնարկած մի շարք քայլեր, ակնհայտորեն, հակասում են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ոգուն և պարունակում են այդ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկ։
Փոխնախարարը հավելել է, որ նման քայլերի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին ռուսական կողմն ավելի վաղ անկեղծ, գործընկերային ձևով հայտնել է հայկական կողմին՝ նշելով իր շփումները, օրինակ՝ Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։
Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիների հանդեպ ՌԴ վերաբերմունքն անփոփոխ է։ «Հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է, և Ռուսաստանը միշտ օգնել է եղբայրական հայ ժողովրդին, միշտ եղել է կողքին»,- ասել է Գալուզինը՝ հիշելով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո և 2024 թվականի մայիսի բնական աղետներից հետո Ռուսաստանի կողմից ցուցաբերված օգնությունը։
Փոխնախարարը նաև հավելել է, որ Ռուսաստանը օպերատիվորեն վերականգնել է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկաթուղային համակարգի գործունեությունը։