ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից ընդամենը երկու ժամ առաջ։
Ըստ նրա՝ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող «կործանարար» հարվածները։ Այս խնդրանքի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցը «ամբողջական, անհապաղ և անվտանգ բացել»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ հրադադարը կլինի երկկողմանի, և այն հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ԱՄՆ-ն «հասել է իր ռազմական նպատակներին և գերազանցել դրանք»։
Նա նաև հայտնել է, որ Իրանի կողմից ստացվել է 10 կետից բաղկացած առաջարկ, որի շուրջ կարելի է բանակցություններ սկսել։ Ըստ Թրամփի՝ «Իրանի հետ նախկին վեճերի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ կտա, որ համաձայնագիրը վերջնականացվի և կնքվի»։
Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար։ Նա նշել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները կասեցվեն, ապա Իրանի «հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»։
Արաղչին նաև հավելել է, որ երկու շաբաթով Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը կապահովվի Իրանի զինված ուժերի կողմից՝ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները։ Նա նաև հայտնել է, որ բանակցություններ կընթանան՝ հիմք ընդունելով Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկը։
Այս լուրերի հետևանքով միջազգային շուկայում հում նավթի գինը 17%-ով նվազել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92 դոլարի։