Հունվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) արտահերթ նիստը։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու կանոնական, վարչական և կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։

Ազատազրկված եկեղեցականների և ազգային բարերարի հարցը

Արդեն մի քանի ամիսներ շարունակվող իրավական մարտահրավերների և ապօրինի հետապնդումների հարցում ես հանդես եկա զեկույցով՝ ներկայացնելով ապօրինի ազատազրկված եկեղեցականների և ազգային բարերարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, դատավարական գործընթացների և կայացված դատավճիռների վերաբերյալ իրավական վերլուծություն։

Մեր զեկույցը հստակ ցույց տվեց, որ եկեղեցականների նկատմամբ առաջադրված մեղադրանքները և կիրառված խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա, իրավական առումով չեն բխում օրինականության ու արդար դատաքննության հիմնարար սկզբունքներից և կրում են ընտրովի և խտրական բնույթ։

ԳՀԽ-ն խստորեն դատապարտեց ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները՝ դրանք որակելով որպես ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։ Ժողովականները մերժելի նկատեցին պետական և իրավապահ մարմինների ներգրավմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և Եկեղեցու ներքին կյանքին հակասահմանադրական միջամտությունները։

Գևորգ եպիսկոպոսի հարցը

Մյուս կարևոր հարց, որը քննության առավ ԳՀԽ-ն, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգազանց ընթացքն էր։ Պարզ դարձավ, որ վերջինս, վիճարկելով թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու Հայրապետական տնօրինությունը, փաստացի դրժել է հնազանդության իր ուխտը և դատական հայց ներկայացրել ընդդեմ Սուրբ Էջմիածնի՝ պահանջելով վերականգնել առաջնորդական իր հանգամանքը։

Այս հարցում ես անդրադարձեցի նաև Գևորգ եպիսկոպոսի հրապարակային ելույթներում և հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին։ ԳՀԽ-ն խստորեն դատապարտեց նման վարքագիծը՝ այն գնահատելով եկեղեցական կարգի, կանոնական հնազանդության ու եկեղեցական միաբանության սկզբունքների կոպիտ խախտում։ ԳՀԽ-ն առաջարկ ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ՝ աշխարհականների շարքին։

Ազգային ժողովում ընդգրկված օրինագծերի մասին

Ազգային ժողովում եկեղեցուն առնչվող օրինագծերի մասին զեկույցով հանդես եկավ ի․գ․դ․ պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Նա նշեց, որ հողային և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններն ունեն իրական իրավակարգավորիչ անհրաժեշտություն, չեն լուծում որևէ շոշափելի հանրային խնդիր և հիմնականում ծառայում են հակաեկեղեցական տրամադրությունների ձևավորմանն ու խորացմանը։ ԳՀԽ-ն դիրքորոշում արեց, որ ընդհանրապես արգելվի պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։

Այլ հարցեր

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցերին։ Որոշվեց ձևավորել կազմակերպիչ հանձնախումբ՝ ժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով։