Հունվարի 23-ին ՀՀ Ազգային Ժողովը պետական բյուջեից 3 միլիոն դրամ է հատկացրել ներկայացուցչական ծախսերի համար։ Այս մասին տեղեկացանք պաշտոնական աղբյուրներից հրապարակված պայմանագրերի հիման վրա։
Հատկացված միջոցները բաժանվել են երկու հիմնական ծառայությունների միջև։
Մեկ պայմանագրի համաձայն՝ 1 միլիոն դրամ է փոխանցվել «Ջուլիետա Սարգսյան» անհատ ձեռնարկատիրոջը։ Նրա պարտականությունն էր ԱԺ-ին տրամադրել 9 ծաղկային կոմպոզիցիա՝ պատրաստված բարձրորակ ծաղիկներից, այդ թվում՝ հոլանդական և էկվադորական վարդերից։
Մյուս պայմանագրի համաձայն՝ «Պեցցո» ՍՊԸ-ն 2 միլիոն դրամի շրջանակներում Ազգային Ժողովին տրամադրել է սննդի լայն տեսականի։ Ճաշացանկը ներառում էր 51 տեսակի ուտեստ՝ տաք և սառը խորտիկներ, տաք ուտեստներ, ապուրներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, աղցաններ, խավարտներ, աղանդեր և միրգ։
Հրապարակված պայմանագրում բացակայում է որևէ տեղեկություն այն մասին, թե կոնկրետ ինչ միջոցառման համար է նախատեսված նման ծավալի և բազմազանությամբ ճաշացանկը։
Հարկ է նշել, որ «Կոնցեպտ իվենթս», «Գևորգիան կոնցեռն» և «Պեցցո» ՍՊԸ ընկերությունները, որոնք պարբերաբար ներգրավվում են պետական միջոցառումների կազմակերպման գործընթացում, կապվում են նույն անձի՝ Վլադիմիր Գևորգյանի անվան հետ։