Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի կառույցներին։ Ըստ ԻՊԲ-ի՝ հարվածների նպատակն էին զենքի պահեստները, զենքի արտադրության վայրերը, որոնք, ինչպես նշվում է, օգտագործվում էին «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության վերականգնման և ռազմական հզորացման համար։ Բացի այդ, հարվածներ են հասցվել մի քանի արձակման կետերի, հրթիռային կայանքների և ռազմական կառույցների։

Հարձակումներն իրականացվել են Նաբի Իսմայիլ շրջանի Բրիտալի լեռների, ինչպես նաև Դեյր Զահրանի և Հումին ալ-Ֆաուկա բնակավայրերի շրջակա տարածքների ուղղությամբ։

«Հեզբոլլահ»-ի հրապարակման համաձայն՝ իսրայելական ուժերը մինչ այժմ իրականացրել են մոտ 25 հարված Լիբանանի տարածքում։

Այս իրադարձությունները տեղի են ունենում 2024 թ. նոյեմբերի 27-ին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև կնքված հրադադարի համաձայնագրի խախտման պայմաններում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի կողմից Լիբանանի տարածքում իրականացված օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 5100-ը։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել՝ շուրջ 600 Լիբանանի քաղաքացի։

Հրադադարի համաձայնագրին չհամապատասխանելով՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։ «Քաբրիի շրջանաձև խաչմերուկը (Տուարատ Քաբրի) նույնպես համարվում է նշանակալի բախման վայր և դարձել է ինտենսիվ մարտերի կիզակետ»։

Հալեպում քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև շարունակվող բախումների և ռմբակոծության հետևանքով Շեյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում նյութական վնասներ են արձանագրվել, վիրավորներ չկան։ Վնասվել են մի շարք վարչական շենքեր։