Այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։

Այս գործողությունները համարվում են անօրինական և անթույլատրելի միջամտություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։

Հորդորվում է անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։

Հիշյալ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, և որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել դրա գործունեությանը։