Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին, որի կառուցմանը մեծ մասնակցություն ունեցավ բարերար Համլետ Գորոյանը, հայտնվել է լարված իրավիճակի մեջ։ Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանի՝ ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմի գլխավորությամբ մի խումբ անձանց այցը եկեղեցի եւ բարերարի պահանջը՝ եկեղեցու ծառայող Արտաշես քահանա Հակոբյանին ազատելու եւ բանալիները հանձնելու, խորհրդանշում է իրավիճակի սրման փուլը։
Այս իրադարձությունները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Արտաշես քահանան, որն սկզբում միացել էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բարենորոգման օրակարգին, հրաժարվեց այդ որոշումից։ Շաբաթ օրը նա հրապարակավ հայտարարեց սպառնալիքների մասին՝ նշելով, որ իրեն եւ իր շուրջը գտնվողներին այցելել են եւ սպառնացել են, եթե չլքի եկեղեցին, կփոխեն դռան կողպեքը։
Սակայն, երբ բարերարը եւ նրա ուղեկցորդները վերադարձան, որպեսզի իրենց սպառնալիքն իրականացնեն, հանդիպեցին համայնքի բնակիչների միասնականությանը։ Տասնյակ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին եկեղեցու շուրջ՝ կանգնելով քահանայի կողքին եւ ցուցաբերելով իրենց անկեղծ աջակցությունը։ Ըստ տեղեկությունների՝ համայնքի բնակիչները պատրաստ էին ոչ միայն կանգնել իրենց պահանջի համար, այլեւ ինքնակամ կանգնել բարերարի եւ ցանկացած այլ անձի ճանապարհը փակելու համար, ով կհանդգնի խախտել եկեղեցու խաղաղությունը։
Այս ժողովրդական միասնականության լուրը հասել է նաեւ իշխանական շրջանակներին, ինչի արդյունքում, ինչպես տեղեկացվում է, որոշվել է կրակի հետ չխաղալ եւ կանգնեցնել Ոսկետափի եկեղեցին զավթելու ցանկացած փորձ։