Ուրախությամբ եմ արձանագրում, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին հայտարարությունների ալիքը շարունակվում է, ընդգրկելով հանրային միավորների, քաղաքական ուժերի և հանրային մեծ հեղինակություն ունեցող գործիչների։ Առաջիկա շաբթեներին սպասվում է այս ընթացքի ավելի մեծ թափով շարունակում։
«Առաջարկ Հայաստանին»-ը իրավաբար դառնում է ժողովրդական ծրագիր։ Մենք վստահ ենք, որ միայն միասնական ուժերով, հանրային և վերկուսակցական մոտեցմամբ նախաձեռնության շուրջ համախմբվելով է հնարավոր երկիրը դուրս բերել այսօրվա բարդ իրավիճակից։ Այդ ճանապարհը հնարավոր է միայն հասարակության լայն աջակցության շնորհիվ։
Ծրագրի գաղափարի հիմքում ընկած է բոլոր կարող, սրտացավ և պրոֆեսիոնալ ուժերի և անհատների լայն կոնսոլիդացիան։ Այս նախաձեռնությունը բաց է բոլոր պարկեշտ, սրտացավ, պրոֆեսիոնալ և պատասխանատու մարդկանց համար։
Հատկանշական է, որ հաճախ մեր թիմը տեղեկանում է նման հայտարարությունների մասին լրատվամիջոցներից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ այդ աջակցությունը ազնիվ է և ինքնաբուխ։
Մենք չենք դնելու տարաբաժանում։ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին։ Ո՞վ է լավը, ո՞վ՝ ավելի լավը, ո՞վ արժանին կամ՝ ոչ։ Մեր նպատակը Հայաստանի վերականգնումն է, և դրա համար մեզ անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը։
Ուրախությամբ եմ նշում, որ մեր մեծ թիմին միացած որևէ ուժ կամ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման։ Մենք դա բարձր ենք գնահատում։
Մեզ հետ համագործակցության սկզբունքը հստակ ձևակերպել է Գագիկ Ծառուկյանը՝ «պաշտոնը կարևոր չէ, երկիրն է կարևոր, մանդատը կարևոր չէ, աշխատանքի արդյունքն է կարևոր»։
Հայաստանի վերականգնման գործում իրենց արժանի տեղն է ունենալու բոլոր կարող ուժերն ու անհատները, բոլոր պարկեշտ, ունակ, աշխատասեր մարդիկ։
Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ