Իմ անունը շրջանառվող անձանց կողմից ստորագրված նամակին, որում պահանջվում է Սրբազան Հորը հեռացնել Մայր Աթոռից, ես կվերաբերեմ, երբ այդ տեղեկությունը կհաստատվի նամակը ստորագրող անձանց կողմից։ Այս մասին՝ իմ հարցմանը պատասխանելով, հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Սրբազանը հավելեց, որ իր համար բնական հարց է առաջանում՝ եթե ինքը և՛ ներգրավված է այս պրոցեսի մեջ, և՛ իրեն հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ապա ինչպե՞ս կարող է այդ փորձաքննության եզրակացությունը հասանելի լինել երրորդ կամ չորրորդ անձանց։
Արշակ Սրբազանը նաև արձագանքեց հնարավոր լուրերին՝ կապված իր լիազորությունների սառեցման հետ։ «Ես «եթե»-ներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում», – նշեց նա՝ վստահ լինելով, որ այս ամենը եկեղեցու ու եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսևորում է։
Սրբազանը նշեց, որ չի ցանկանում իր դերակատարությունը գերագնահատել, սակայն կարծում է, որ այն գերագնահատվում է։ Նրա խոսքով՝ նա ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եպիսկոպոսներից մեկն է, որն ունի իր կեցվածքը և դիրքորոշումները, որոնք, հավանաբար, շատերին դուր չեն գալիս։ «Ես սա շատ բնական եմ համարում, որովհետև ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս, բայց, ի տարբերություն ինձ, մարդիկ, որոնք ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկած դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Ես միայն կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը», – հավելեց նա։
Արշակ Սրբազանը նաև հստակեցրեց, որ պետական գործչի վարքագծի նվազագույն պատկերացում անգամ չունի այս իրադարձությունների հետ կապված անձը։
Նա նաև բացառեց Կաթողիկոսի հնարավոր հրաժարականի մասին լուրերի հիմնավորվածությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի և Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով հնարավոր չեղավ գումարել իրավազոր եկեղեցական նիստ։