Հունվարի 26-ի գիշերը ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ և ամենահզոր ավիակիրներից մեկը՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, հատեց Արաբական ծովը և մտավ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի։ Այս գոտին ընդգրկում է Իրանի տարածքը, ինչը հստակ ցույց է տալիս ԱՄՆ-ի պատրաստականությունը ցանկացած իրավիճակի արձագանքելու։
ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին Պարսից ծոցում զորավարժությունների մեկնարկի մասին։ Այսպիսի զորավարժություններ նախկինում անցկացվել են նաև Վենեսուելայում՝ Մադուրոյի ռեժիմի առևանգման նախօրեին։
Այս ռազմական ցուցադրության համատեքստում Իրանի կողմից կատարվեցին մի շարք գործողություններ։ Իրանի զինված ուժերը հայտարարեցին 10 կործանիչների օդ բարձրացնելու և երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի բարձր պատրաստվածության վիճակի բերելու մասին։
«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը կարող է տեղափոխել մինչև 80 մարտական ինքնաթիռ, ինչպիսիք են F-35C-ն և F/A-18-ը, ինչը նրան դարձնում է հզոր ռազմական հարձակման և օդային գործողությունների հարթակ։ Ավելի լայն պատկերում ԱՄՆ ռազմաօդային ուժերը տարածաշրջանում տեղակայել են 37 F-15E Strike Eagle ռազմական ինքնաթիռ, մոտավորապես 20 KC-135 լիցքավորիչ օդանավ և 24 A-10C հարձակողական ինքնաթիռ՝ ստեղծելով բազմաթիվ ավիահարվածների և շարունակական օդային աջակցության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներկայիս միջոցառումները նպատակ չունեն իրավիճակը սրելու, այլ ցուցադրելու Թեհրանի կողմից հնարավոր ագրեսիվ գործողություններին արձագանքելու պատրաստականությունը։
Ռազմական վերլուծաբանները քննարկում են հնարավոր սցենարները։ Առաջինը՝ ուղիղ ավիահարվածներ Իրանի հիմնական ռազմական թիրախներին՝ ավիաբազաներին, ՀՕՊ դիրքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազաներին և բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքներին։ Երկրորդ սցենարը՝ հարվածներ Իրանի ազդեցության կառույցներին, որոնք գտնվում են երկրից դուրս՝ Իրաքում և Սիրիայում։
Իրանի կողմից արդեն զգուշացվել է, որ ցանկացած հարձակում կհամարվի «լիամասշտաբ պատերազմ» և կհանգեցնի կոշտ պատասխանի, ներառյալ հակահրթիռային և ռազմածովային գործողություններ։
Չինաստանը, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին թիրախավորելը իրականում թիրախավորում է Չինաստանին։ Պեկինի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հիմնական նպատակը Չինաստանին զսպելն է Մերձավոր Արևելքում։ Այս տեսակետը հիմնավորվում է Չինաստանի և Իրանի միջև խորը տնտեսական կապերով, հատկապես էներգետիկ ոլորտում, որը համարվում է Չինաստանի համար հիմնական հենակետ։ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ճնշում գործադրելը, ըստ չինական պարբերականների, ուղղակիորեն խոչընդոտում է Չինաստանի էներգետիկ անվտանգությանը։