Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների ճակատում սպառնում է բռնկվել ոչ միայն արտաքին, այլև ներքին լարվածություն։ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի ժամանակ Կոնգրեսում ստեղծվել էր մի նախագիծ՝ MEGOBARI act, որի նպատակն էր պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ։ Սակայն Թրամփի թիմի հնարավոր վերադարձը իշխանության և դրան հաջորդած իրադարձությունները բացահայտում են ԱՄՆ-ի ներքին քաղաքական դաշտում այս հարցի շուրջ ծավալվող բարդ և հակասական գործընթացներ։
Իրավիճակը սկսվեց այն բանից, որ Թրամփի իշխանության վերադարձից հետո Վրաստանի իշխանությունները փորձեցին համոզել նորընտիր նախագահին, որ Բայդենի վարչակազմն էր մեղավոր ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների սրման համար։ Սակայն Թրամփի թիմը չէր շտապում վերականգնել հարաբերությունները ներկայիս Վրաստանի իշխանությունների հետ։
Ամերիկյան փորձագետների կարծիքով, դրա հիմնական պատճառը Վրաստանի և Չինաստանի միջև 2023 թվականին հաստատված ռազմավարական հարաբերությունների հաստատումն էր։ Ըստ այդ պայմանագրի, Վրաստանի սևծովյան Անակլիա նոր նավահանգստի կառուցման պայմանագիրը, որը նախկինում ամերիկյան ընկերությունից էր, վերցվել և հանձնվել չինացիներին։ Թրամփի թիմը պահանջում էր Իվանիշվիլու թիմից՝ չեղյալ հայտարարել այդ գործարքը, սակայն վերջիններս մերժում էին դա, քանի որ դա էապես կվնասեր չին-վրացական հարաբերությունների զարգացմանը։ Չինաստանի համար, որը ակտիվորեն իրականացնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագիրը, Վրաստանը ոչ երկրորդական դերակատարում ունի։
Այս հանգամանքն էլ դուր չի գալիս Վաշինգտոնին, և դրա արդյունքում Թրամփի թիմակիցները չէին պատրաստվում չեղարկել MEGOBARI act-ը։
Սակայն անսպասելիորեն ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունում առաջ եկավ նաև վրացամետ թև, որը փորձում է հաշտեցնել Թրամփի և Իվանիշվիլու թիմերին։ Այս ջանքերի առաջատարը Հյուստոնում գործող էներգետիկ ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսն է, որը պնդում է, որ Վրաստանում ներդրել է ավելի քան կես միլիարդ դոլար։ Նա այս ամիս նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի առնվազն մեկ հանրապետական անդամի՝ կոչ անելով դեմ դուրս գալ MEGOBARI օրենքին։ Նիկանդրոսը նշում է, որ իր ընկերությունը պատրաստում է 100 միլիոն դոլարի նոր ներդրումային ծրագիր, որը կիրականացվի հաջորդ երկու տարիների ընթացքում, և պնդում է, որ MEGOBARI օրենքը կվնասի Վրաստանում գործող ամերիկյան բիզնեսներին։
Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ Թրամփի թիմը բաժանվել է երկու հստակ մասի՝ Իվանիշվիլու կողմնակիցների և հակառակորդների։ Ըստ The Hill-ի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ, կարկառուն հանրապետական ՝ Մայք Ջոնսոնը անցյալ տարվա վերջին փորձեց MEGOBARI օրենքը ներառել Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքում, սակայն Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը արգելափակեց այդ ջանքերը։
Հանրապետական կուսակցության այս թևը, որը պաշտպանում է Թբիլիսիի հետ հարաբերությունների վատթարացման համար մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։ Նրանք համարում են, որ Վրաստանում անցած ընտրություններն «արդար էին և ժողովրդավարական», պաշտպանում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը և պնդում, որ «Վրացական երազանքի» կառավարությունը Թրամփի վարչակազմի գաղափարական դաշնակիցն է։
Այս հարցում Թրամփի թիմի հակաիվանիշվիլիական հատվածի հետ ակտիվորեն կուլիսներում աշխատում են ներկայիս Ադրբեջանի իշխանությունները։ Մասնավորապես հանրապետական սենատոր Ջո Ուիլսոնը հայտարարել է, թե MEGOBARI օրենքը անհրաժեշտ է Հարավային Կովկասում Թրամփի ջանքերը ամրապնդելու համար, այդ թվում՝ իրենց կոչված «միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջով։ Ըստ Ադրբեջանի կողմից ներկայացվող տեսակետի, ներկայիս Վրաստանի իշխանությունները, իրականում դեմ են Թրամփի նախաձեռնությանը կովկասյան տարածաշրջանում և դրա պատճառով լարվել են Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները։ Ադրբեջանցիները պնդում են, որ «Թրամփի երթուղու» հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ փոխվի «Վրացական երազանքի» կառավարության «հակաամերիկյան վարքագիծը»։
Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը, հատկապես հանրապետական կուսակցության ներսում, հստակորեն բաժանված է երկու հիմնական ուղղվածության։